Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների Պայմաններ
Սույն պայմանները /այսուհետ` Պայմաններ/ կարգավորում են, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ /այսուհետ` Բանկ/ և «Ֆիզիկական անձի Ժամկետային ավանդի ձևակերպման Դիմում-Պայմանագիր» ստորագրող ֆիզիկական անձի միջև իրականացվող Բանկային Ավանդի պայմանագրային հարաբերությունները: «Ֆիզիկական անձի Ժամկետային ավանդի ձևակերպման Դիմում-Պայմանագիրը» և սույն Պայմանները միասին կազմում են Ֆիզիկական անձի ժամկետային ավանդի պայմանագիրը /այսուհետ` Բանկային ավանդի Պայմանագիր/:
Ժամկետային ավանդին կից Բանկային հաշվի բացման և սպասարկման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են Բանկում գործող «Ֆիզիկական անձանց բանկային հաշվի բացման և սպասարկման պայմաններով»:
Ըստ սույն Պայմանների
«Ավանդատու», «Հաճախորդ», «Դուք», «Ձեր» և «Ձեզ» բառերը վերաբերում են Բանկում Ավանդ ներդրող ֆիզիկական անձանց:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ», «Բանկ», «Մենք», «Մեր» և «Մեզ» բառերը վերաբերում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը:
1.Ավանդի ձևակերպման հիմնական պայմաններ և կանոններ
1.1 Մենք ընդունում ենք դրամական միջոցներ /այսուհետ՝ Ավանդ/ և պարտավորվում սույն Պայմաններով և տվյալ ավանդատեսակի համար սահմանված պայմաններով և կարգով վերադարձնել Ձեր կողմից ներդրված Ավանդի գումարը և հասանելիք տոկոսագումարները:
1.2 Դուք կարող եք Բանկում ներդնել ժամկետային ավանդ տվյալ պահին Բանկում գործող ժամկետային ավանդների համար սահմանված պայմաններով և տոկոսադրույքներով:
1.3 Ավանդատեսակի պայմանները (ներառյալ Ավանդի ժամկետը, տարեկան տոկոսադրույքը, գումարը, արժույթը և այլ հիմնական պայմանները) արտացոլվում են Ձեր կողմից ստորագրվող Դիմում – Պայմանագրում: Ընդ որում, Դիմում – Պայմանագրում նշված տոկոսադրույքը Ավանդի պայմանագրային ժամկետում ենթակա չէ փոփոխման:
1.4 Ավանդի դիմաց տոկոսները վճարվում են տվյալ ավանդատեսակի համար գործող պայմանների համաձայն (ժամկետի սկզբին/ավարտին և այլ կարգով, որը նախատեսված է տվյալ ավանդատեսակի ամփոփագրով):
1.5 Ավանդին/ից կարող են թույլատրվել լրացուցիչ մուտքագրումներ և ելքագրումներ համաձայն Բանկում գործող տվյալ ավանդատեսակի համար սահմանված պայմանների:
1.6 Բանկը կարող է սահմանել Ավանդի գումարի ներդրման, մուտքագրումներ, ելքագրումների նվազագույն և առավելագույն չափ յուրաքանչյուր ավանդատեսակի համար:
1.7 Ավանդը Բանկում կարող է ներդրվել ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից համաձայն Բանկում գործող տվյալ ավանդատեսակի համար սահմանված պայմանների:
1.8 Ավանդի պայմանագրի կնքման հետ զուգահեռ Ձեզ հետ կարող է կնքվել նաև Բանկային հաշվի բացման և սպասարկման պայմանագիր` բացվել Բանկային հաշիվ, որի միջոցով էլ կատարվելու են Ավանդային հաշվին կատարվող մուտքագրումները, համալրումները և ելքագրումները:
1.9 Ավանդի գաղտնիությունը երաշխավորվում է ՀՀ օրենսդրությամբ:
1.10 Բանկային ավանդի Պայմանագրի և սույն Պայմանների ուժով Բանկը հանդես է գալիս որպես Ավանդատուի հարկային գործակալ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով` Ավանդատուի ստացած եկամուտներից վճարման ենթակա հարկային և այլ պարտադիր վճարումների գծով:
2.Ձեր և Բանկի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը
2.1 Մենք պարտավորվում ենք բացել և սպասարկել Ձեր Ավանդային հաշիվը, ինչպես նաև Բանկային ավանդի Պայմանագրով սահմանված ժամկետում վճարել Ձեզ Ավանդի գումարը և Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները` փոխանցելով այն Ձեր Բանկային հաշվին (եթե առկա չէ Ձեր կողմից տրված այլ հանձնարարական):
2.2 Մենք պարտավորվում ենք Ավանդի գումարը վերադարձնել Ձեզ՝ Ձեր իսկ առաջին պահանջով՝ համաձայն Բանկում գործող տվյալ ավանդատեսակի համար սահմանված պայմաններով:
2.3 Դուք իրավունք ունեք տնօրինել Ձեր ավանդը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.4 Մենք իրավունք ունենք ինքնուրույն օգտագործել Ձեր Ավանդի գումարը:
2.5 Դուք իրավունք ունեք Բանկային ավանդի Պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ պահանջել և ստանալ Ավանդի գումարը՝ համաձայն Բանկում գործող տվյալ ավանդատեսակի համար սահմանված պայմաններիով:
2.6 Դուք պարտավորվում եք պահպանել ավանդային գործառնությունների վերաբերյալ Բանկում գործող իրավական ակտերի պահանջները:
2.7 Բանկային ավանդի Պայմանագրի Ձեր օրինակը կորցնելու, Ձեր հասցեի փոփոխության, անձը հաստատող փաստաթղթի կորստի կամ փոփոխության դեպքում 10-օրյա ժամկետում Դուք պարտավորվում եք տեղյակ պահել Բանկին:
2.8 Ավանդը կամ տոկոսները ստանալիս` Դուք պարտավորվում եք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև լիազորությունները հաստատող փաստաթղթով:
2.9 Ձեր կողմից ներդրված ավանդի հետ կապված գործարքների (ձևակերպում, ժամկետից շուտ խզում, մարում, գումարի նվազեցում, ավանդի գրավով վարկի ձևակերպում) մասին տեղեկացված լինելու նպատակով Բանկը կարող է Ձեզ համապատասխան գործարքի վերաբերյալ անվճար sms հաղորդագրություն ուղարկել` Ձեր կողմից Բանկին նախապես տրամադրած բջջային հեռախոսահամարին:
3.Ավանդի դիմաց տոկոսներ հաշվարկելու և վճարելու կարգը
3.1 Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարը` պայմանադրված ժամկետին համապատասխան փոխանցվում է Բանկում բացված Ձեր Բանկային հաշվին (եթե առկա չէ Ձեր կողմից տրված այլ հանձնարարական):
3.2 ժամկետային ավանդի տոկոսները հաշվարկվում են գումարը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Տոկոսները հաշվարկվում են Ավանդի փաստացի մնացորդի նկատմամբ:
3.3 Տոկոսագումարի հաշվարկների ժամանակ հիմք է ընդունվում տարվա փաստացի օրերի քանակը:
3.4 Ժամկետից շուտ Ավանդը վերադարձնելու դեպքում տոկոսները վճարվում են տվյալ պահին Բանկում ֆիզիկական անձի բանկային (ցպահանջ ավանդի) հաշվի համար սահմանված տոկոսադրույքով` Ավանդից հաշվանցելով արդեն իսկ վճարված տոկոսագումարը (եթե այդպիսիք եղել են), եթե այլ բան նախատեսված չի Բանկում գործող տվյալ ավանդատեսակի համար սահմանված պայմաններով:
3.5 Բանկային ավանդի Պայմանագրով նախատեսված ավանդի տարեկան տոկոսադրույքը Բանկային ավանդի Պայմանագրի գործողության ընթացքում միակողմանի փոփոխման ենթակա չէ:
4.Ավանդային պայմանագրի կնքումը և երկարաձգումը
4.1 Բանկային ավանդի Պայմանագիրը ձեռք է բերում իրավական ուժ` Ավանդի գումարը ավանդային հաշվին մուտքագրելու պահից:
4.2 Բանկային ավանդի Պայմանագիրը կնքվում և կազմվում է 2 բնօրինակից: Ավանդատուին տրամադրվում է Բանկային ավանդի Պայմանագրի 1 բնօրինակ:
4.3 Ավանդը Բանկային ավանդի Պայմանագրով պայմանադրված ժամկետում չպահանջվելու դեպքում Ավանդային պայմանագիրը երկարաձգվում է նույն ժամկետով և արժույթով, երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար գործող պայմաններով, իսկ տարեկան տոկոսադրույքը սահմանվում է երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար Բանկում գործող տոկոսադրույքը, բացառությամբ «Պլատինիում» բանկային ծառայությունների փաթեթի տրամադրման և սպասարկման հիմնական պայմանների վերաբերյալ Համաձայնագրի լուծման դեպքի: Համաձայնագրի լուծման դեպքում Բանկային ավանդի Պայմանագիրը համարվում է երկարաձգված` համապատասխան ավանդատեսակի համար նախատեսված պայմաններով: Համապատասխան ավանդատեսակի պայմաններով այլ բան նախատեսված լինելու դեպքում հիմք է ընդունվում այդ պայմանները:
4.4 Ավանդատուի ցանկությամբ Ավանդի ժամկետի ավարտից հետո Ավանդը կարող է չերկարաձգվել, այդ դեպքում Ավանդի գումարը հաշվեգրված տոկոսների հետ միասին փոխանցվում է Ավանդատուի բանկային հաշվին (եթե առկա չէ Ավանդատուի այլ հանձնարարականը):
4.5 Տվյալ ժամկետային ավանդի ներգրավումը Բանկում դադարեցված լինելու դեպքում, Բանկային ավանդի Պայմանագիրը վերաձևակերպվում է նույն արժույթով` Բանկային (ցպահանջ) հաշվի համար տվյալ պահին Բանկում սահմանված պայմաններով:
4.6 Բանկային ավանդի Պայմանագրի գործողության ընթացքում Բանկն իրավասու է միակողմանի փոփոխել սույն Պայմանների 4.3. կետով նախատեսված պայմանը, նախօրոք, այդ մասին, երկարաձգման ենթակա ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս օր առաջ, գրավոր` տեղյակ պահելով Ավանդատուին:
4.7 Ձեր Ավանդը կարող է ժամկետից շուտ դադարեցվել/ Ավանդի պայմանագրով նախատեսված գումարը նվազեցվել դատարանի վճռով, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և/կամ հարկային մարմինների կողմից ներկայացված բռնագանձման որոշման/հայտի հիման վրա: Ընդ որում`
4.7.1 Եթե բռնագանձման գումարը փոքր է Ավանդի գումարից, ապա Ձեր Ավանդը (նվազեցված բռնագանձման գումարի չափով ) շարունակում է գործել Ավանդային պայմանագրով նախատեսված պայմաններով և ժամկետով: Տվյալ դեպքում Ավանդի տոկոսագումարները հաշվեգրվում են Ավանդի փաստացի մնացորդի նկատմամբ:
4.7.2 Եթե բռնագանձման գումարը հավասար է Ավանդի գումարին, ապա Ձեր Ավանդային պայմանագիրը լուծվում է և հաշվեգրված տոկոսագումարները փոխանցվում են Ավանդատուի` նախապես ընտրված տոկոսագումարների ստացման հաշվեհամարին:
4.7.3 Եթե բռնագանձման գումարը գերազանցում է Ավանդի գումարը, ապա Ձեր Ավանդային պայմանագիրը լուծվում է, իսկ հաշվեգրված տոկոսագումարները բռնագանձվում են մնացած պարտքի չափով:
4.7.4 Այն դեպքում, եթե բռնագանձման արդյունքում Ավանդի փաստացի գումարը փոքր է տվյալ ավանդատեսակի համար Բանկում սահմանված նվազագույն գումարից, ապա Ձեր Ավանդային պայմանագիրը լուծվում է, իսկ հաշվեգրված տոկոսագումարները և Ավանդի գումարի մնացորդը (բռնագանձումից հետո) փոխանցվում են Ավանդատուի` նախապես ընտրված համապատասխանաբար տոկոսագումարների ստացման և Ավանդի գումարի վերադարձման հաշվեհամարին/ներին:
5.Վեճերի լուծման կարգը
Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում` վեճը լուծվում է ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով:
Հաճախորդը հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
Հայտարարություն: Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
Հայտարարություն: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Ընդ որում, Ավանդատուն իր հաշվից դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով` իր կողմից նախապես ընտրված հաղորդակցման /քաղվածքի ստացման/ եղանակով և կարգով (քաղվածքի ծանուցման եղանակի բացակայության դեպքում` փոստով` բնակության կամ հաշվառման հասցեով):
Ծանուցում
Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին
Հարգելի Ավանդատու, ուշադրությու’ն: Խնդրում ենք մինչև ավանդային պայմանագիրը ստորագրելը ծանոթանալ սույն փաստաթղթի դրույթներին:
Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև՝ Հիմնադրամ), գտնվելու վայրը՝ 0010, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Վ.Սարգսյան 6, հեռ.՝ +374 10 58 35 14, ինտերնետային կայք՝ www.adgf.am.
Սույն ծանուցման բոլոր սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) սահմանումներին:
Հատուցման դեպքը
Ձեր երաշխավորված ավանդը ենթակա է հատուցման հետևյալ դեպքերում.
- եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը ճանաչվում է անվճարունակ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ հաստատվում է բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը, կամ
- եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը սնանկ է ճանաչվում (այսուհետ՝ անվճարունակ բանկ):
- Այն դեպքում, երբ բանկի նկատմամբ Ձեր բանկային ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միացման արդյունքում, ապա յուրաքանչյուր միացող բանկում Ձեր ունեցած բանկային ավանդը դիտվում է որպես առանձին բանկային ավանդ` Օրենքով սահմանված կարգով:
Երաշխավորված ավանդի առավելագույն չափը և հաշվարկման կարգը
Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշմամբ:
ՈՒշադրությո’ւն: Ձեր՝ նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների, և Ձեր՝ նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ արտարժութային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների
Ավանդի արժույթային կառուցվածքը | Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ | Եթե նույն բանկում ունեք միայն արտարժույթային ավանդ | Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ | |
Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է | Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավել է | |||
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը | 16 միլիոն ՀՀ դրամ | 7 միլիոն ՀՀ դրամ | 7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժույթային ավանդը՝ 7 միլիոն դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով) | 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) |
* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: |
Եթե Դուք անվճարունակ բանկում ունեք առանձին բանկային ավանդ և միևնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ բանկային ավանդի սեփականատեր եք, ապա երաշխավորվում է Ձեր առանձին բանկային ավանդի և համատեղ բանկային ավանդում Ձեր մասնաբաժնի հանրագումարը՝ Օրենքով սահմանված կարգով և չափով:
Եթե դուք անվճարունակ բանկի նկատմամբ ունեք խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը կհաշվարկվի Ձեր բանկային ավանդի և խնդրահարույց պարտավորության դրական տարբերության հիման վրա: Խնդրահարույց պարտավորություն է համարվում Ձեր այն պարտավորությունը, որի հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացրել եք պայմանագրում նշված ժամկետից 90 օրից ավելի:
Երկու կամ ավելի ավանդատուների համատեղ բանկային ավանդը համարվում է յուրաքանչյուր անձի առանձին բանկային ավանդ, ավանդատուի՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ:
Չերաշխավորված բանկային ավանդ
Ձեր բանկային ավանդը երաշխավորված չէ, եթե՝
i. Դուք հանդիսանում եք տվյալ բանկի ղեկավար և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
ii. Դուք հանդիսանում եք տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
iii. Դուք, որպես ավանդի սեփականատեր (համասեփականատեր), հրաժարվել եք ավանդի` Ձեր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,
iv. Ձեր ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ Դուք հակառակը չեք ապացուցել,
v. Ձեր ավանդը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքն առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,
vi. Ձեր ավանդը ներդրված է բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում:
Ձեր բանկային ավանդը չի հատուցվում, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ ավանդը պակաս է 1000 ՀՀ դրամից:
Երաշխավորված ավանդների հատուցման կարգը և ժամկետները
Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամը հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին: Հատուցման դեպքի օրվան հաջորդող քսաներորդ աշխատանքային օրվանից սկսած Հիմնադրամը, անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով, սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցման գործընթացը: Դուք կարող եք գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք տարվա ընթացքում: Նշված ժամկետում Ձեր կողմից գրավոր պահանջ չներկայացնելու դեպքում Հիմնադրամի կողմից Ձեր երաշխավորված ավանդի հատուցում չի իրականացվի: Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջներով հատուցումները` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջը ներկայացնելու oրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի:
Երաշխավորված ավանդի գումարի հատուցումից հետո անվճարունակ բանկի հանդեպ Ձեր ունեցած դրամական պահանջը՝ հատուցված գումարի չափով համարվում է բավարարված: Հատուցման չափը գերազանցող գումարը համարվում է անվճարունակ բանկի պարտավորությունը Ձեր նկատմամբ:
Ձեր բանկային ավանդը ներդրման պահին հանդիսանում է
Օրենքով սահմանված չափով և կարգով՝
- երաշխավորված ավանդ(այն համատեղ ավանդների դեպքում, որոնց համատեղ ավանդատուներից մեկի կամ մի քանիսի բանկային ավանդները երաշխավորված ավանդ չեն համարվում, նշել ավանդի ընդհանուր գումարի մեջ երաշխավորված մասը՝ տոկոսային արտահայտությամբ),
- չերաշխավորված ավանդ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր ավանդի հատուցումն առավել սահուն իրականացնելու նպատակով առաջարկում ենք ավանդի ներդրման ժամանակ Ձեր կողմից բանկին տրամադրված տվյալների (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, սոցիալական ապահովության քարտի տվյալներ, հասցե, հեռախոսահամար և այլն) ցանկացած փոփոխության դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել բանկին:
6.«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` հաճախորդին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտահարկ տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:
Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն 87 87 հեռախոսահամարով:
Թարմացվել է առ՝ 11-11-2022թ., 16:31